Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր կայացավ «Ծառուկյան» դաշինքի աջակիցների բազմամարդ հավաքը: «Հաղթանակը մերն է»՝ ամփոփելով քարոզարշավը՝ հայտարարեց Գագիկ Ծառուկյանը և կուսակիցներին հանձնարարեց քվեարկության օրը արձանագրել ու պահպանել այդ հաղթանակը։ «Մեզ հիմա մնացել ա ամենակարևորագույնը՝ մնացել ա համապատասխան ընտրությունների ժամանակ ճիշտ մասնակցություն, հետևողական: Բոլոր ընտրատարածքներում մենք ունենք վստահված անձինք, հանձնաժողովի անդամներ, դիտորդներ: Հաջողությունը մերն է: Ես ձեզ նորից եմ ասում՝ ձերն է: Միացեք հետևողական, հաշվարկելով՝ քանի հոգի եկավ, քանի հոգի ընտրեց, քանիսը գնաց՝ երկու ժամը մեկ տեղեկացնելով, հետևելով ձայներին»:
Ծառուկյանը վստահեցրեց, որ իրենք գալիս են համակարգ փոխելու. «Ինչ որ ասում եմ, կետ առ կետ պատասխանատու եմ իմ ասածներին: Անհնարին ոչինչ չկա: Ես այսօր զգացել եմ, որ ժողովուրդը անվերապահ վստահություն ունի, հավատք ունի, մեր կողքին ա: Իսկ մենք էլ ամբողջ թիմով դա իրականություն ենք դարձնելու օր օրի»: Մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում ներկա մի քանի հազար համակիրներին նա տեղեկացրեց, թե իր հաղթանակի դեպքում Հայաստանում 15 միլիարդ դոլարի ներդրում կլինի։ Այս թիվը մոտ 5 անգամ ավելին է, քան խոստանում է ՀՀԿ-ական վարչապետ Կարեն Կարապետյանը։ «Իմ գործընկերին ես դեռ չեմ դիմել, այլ իրենք, ասելով՝ մենք պատրաստ ենք, պարոն Ծառուկյան, 15 միլիարդ դոլար ներդրում կատարելու մեր երկրում»,- հայտարարեց նա:
Այսօրվա հավաքը նախընտրական փուլում Ծառուկյանի մասնակցությամբ վերջինն էր։ Հանրապետության գրեթե բոլոր մարզերից ավտոբուսներով Երևան եկած հազարավոր քաղաքացիներ նրա ելույթից առաջ դիտեցին մոտ մեկ ժամ տևողությամբ ֆիլմը, որը բացառապես Գագիկ Ծառուկյանին էր նվիրված:
Հավաքի սկզբում իրենց հաղթանակի մասին խոսեց նաև «Ծառուկյան» դաշինքի շտաբի պետ Իշխան Զաքարյանը. «Ժողովուրդը համոզված է, որ ապրիլի 2-ին «Ծառուկյան» դաշինքը տանելու է համոզիչ հաղթանակ»:
Միջոցառմանը ներկա էին նաև դաշինքի ԲՀԿ-ական պատգամավորները, որ քարոզարշավի ընթացքում, ի տարբերություն Գագիկ Ծառուկյանի, սուր քննադատում էին ՀՀԿ-ին: